Օգոստոսի 26-ին ժամկետային զինծառայող Աղասի Աբրահամյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով օգոստոսի 31-ին ձերբակավել է երկու զինծառայող, որոնցից մեկը սպա է: Ինչպես հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը, դեպքի վայրում աշխատում է ՊՆ քննչական վարչության օպերատիվ խումբը` վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի գլխավորությամբ: Արցախում է գտնվում նաև ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը: Իրականացվում են օպերատիվ մեծածավալ աշխատանքներ` դեպքի բոլոր մանրամասները պարզելու համար: Գործը գտնվում է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խիստ վերահսկողության ներքո: Վաղը դեպքի վայր է մեկնելու նաև պաշտպանության փոխնախարար, գեներալ-մայոր Վլադիմիր Գասպարյանը:
Նախաքննության շահերից և ձերբակալվածների ընտանիքների անդամների անվտանգությունից ելնելով առայժմ ձերբակալվածների անունները չեն հրապարակվում: Նախաքննությունը շարունակվում է, առաջիկա օրերին հնարավոր են նաև այլ ձերբակալություններ:
Օգոստոսի 26-ին` մոտ 20:30-ին, անգիտակից վիճակում ռազմական հոսպիտալ է տեղափոխվել ԼՂՀ Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող Աղասի Աբրահամյանը (1992թ. ծնվ.): Հոսպիտալ տեղափոխվելուց մեկ ժամ անց Աղասի Աբրահամյանը մահացել է: Նախօրեին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հաղորդել է, որ բժշկական քննության արդյունքում մահացածի մարմնի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել: Նա հաղորդել է նաև, որ մարդկանց խումբ է հայտնաբերվել, որոնք կարող են հանցակից լինել միջադեպին:






