Հայաստանում մեկնարկում է երիտասարդական «Մրցանակաբաշխություն 2011» երգչախմբերի հանրապետական փառատոնը: Փառատոնի կազմակերպիչներն են Համաշխարհային հայկական կոնգրեսը, Ռուսաստանի հայերի միությունը և Հայաստանի երաժշտական ընկերությունը, աջակիցն է ՀՀ մշակույթի նախարարությունը: «Մրցանակաբաշխություն 2011»-ը անցկացվելու է սեպտեմբերի 15-ից մինչև հոկտեմբերի 10-ը: Գալա համերգը կայանալու է հոկտեմբերի 14-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Այն նվիրվելու է ՀՀ անկախության 20 ամյակին:
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ ԱրթուրՊողոսյանը նշեց, որ այն սկիզբ է առնելու բոլոր մարզերում լսումներով, որով նախարարությունը զերծ կպահի փառատոնը երևանյան կենտրոնացումից:
Ռուսաստանի հայերի միության հայաստանյան մասնաճյուղի նախագահ Վլադիմիր Աղայանը նշեց, որ այսօր մտավորականությունը կարիքավոր խմբում է գտնվում, և միությունը փորձում է աջակցել վերը նշված փառատոնի միջոցով: «Մրցանակաբաշխություն 2011»-ը պետք է զբաղվի երիտասարդներին աջակցելով:
Հայաստանի երգչախմբային ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանն ասաց, որ տարիներով հպարտացել են մեր երգչախմբերով, սակայն վերջին տարիներին շատ երգչախմբեր փլուզվեցին կամ վատ վիճակում հայտնվեցին, և փառատոնը կօգնի նորից վերականգնել այդ լավ ավանդույթները: Ղազարյանը նաև շեշտեց, որ Հայաստանում քիչ են երիտասարդական երգչախմբերը, դրա համար էլ փառատոնին ընդգրկվելու են նաև պրոֆեսիոնալ երգչախմբեր:
Մրցույթին կարող են մասնակցել այն երգչախմբերը, որոնց մասնակիցների միջին տարիքը չի գերազանցում 35-ը: 20 րոպե տևողությամբ ելույթին պետք է երգչախմբերը կատարեն Կոմիտասի, հայ ժամանակակից կոմպոզիտորի որևէ ստեղծագործություն և երգչախմբի ղեկավարների կողմից ներկայավցող ստեղծագործությունները: Մրցույթ-փառատոնի համար սահմանված են երեք մրցանակ 600.000-ական դրամ պարգևով և դիպլոմով և երեք խրախուսական մրցանակ 200.000-ական դրամ պարգևով: Մրցույթի հայտերն ընդունվելու են մինչև սեպտեմբերի 20-ը: Այս պահին կան արդեն 12 հայտ Երևանից և մարզերից (Հովեր, Սպեղանի և այլն):
Մրցանակաբաշխությունը անցկացվում է 2007 թ-ից, որի նպատակն է Հայաստանի գիտական և ստեղծագործական մտավորականության գործունեության ակտիվացնելը, աջակցել երկրի մտավոր և մշակութային կյանքի աշխուժացմանը:






