AM
6 Սեպտեմբեր 2011 - 09:01 AMT

Մինչ «Արևելյան գործընկերության» գագաթաժողովը մանդատ կձևավորվի ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի պարզեցման վերաբերյալ

Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին վստահություն է հայտնել, որ մինչ «Արևելյան գործընկերության» գագաթաժողովը մանդատ կձևավորվի ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի պարզեցման վերաբերյալ: «Ամեն ինչ կախված կլինի մասնակից երկրների պարտականությունները կատարելու պատրաստվածությունից»,-ասել է Զդիսլավ Ռաչինսկին Երևանում կայացած մամլո ասուլիսում:

Ըստ Ռաչինսկու, Հայաստանի հետ ԵՄ բանակցություններում որոշ խնդիրներ կան առևտրի ազատ գոտու ստեղծման հարցում. «Հայաստանը պետք է լուծի շուկայի մենաշնորհի հետ կապված խնդիրն ու բարեփոխումների ծրագիր մշակի»:

Սեպտեմբերի 2-3 լեհական Սոպոտում տեղի ունեցած ԵՄ ԱԳ նախարարների նիստում քննարկվել են «Արևելյան գործընկերության» երկրների անդամակացության հեռանկարները: Լեհաստանն առաջարկել է ամբողջական տնտեսական ինտեգրում որդեգրել «Արևելյան գործընկերության» երկրների համար: Միաժամանակ, վիզային ռեժիմի պարզեցման փոխարեն, Լեհաստանը առաջարկեց լիովին այն չեղյալ հայտարարել վեց երկրների համար:

«Արևելյան գործընկերության» ղեկավարների ու ԵՄ անդամ երկրների կառավարությունների ներկայացուցիչների գագաթաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 29-30-ին Վարշավայում, հայտնում է ԵՄ մամլո ծառայությունը: