AM
16 October 2000 - 12:27 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԴԻՏԱՐԿԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ՄՈՍԿՎԱ ՈՐՊԵՍ ԵՐԿՈՒ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՓՈՒԼ

16.10.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Ռուսաստանը ցանկանում է դիտարկել Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւի այցը Մոսկվա որպես երկու պետությունների միջեւ ռազմավարական համագործակցության զարգացման նոր փուլ:
Հոկտեմբերի 15-ին այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ 4-րդ վարչության տնօրեն Ալեքսեյ Բորոդավկինը:
Ռուս դիվանագետի խոսքերով, Վիլայաթ Գուլիեւը այցը Մոսկվա վաղուց էր նախապատրաստվում. ռուսաստանյան կողմը անհամբերությամբ սպասում էր այս այցին եւ մեծ քաղաքական նշանակություն է տալիս դրան: Ինչպես ընդգծել է Բորոդավկինը, այցի կարեւորության մասին խոսում է այն հանգամանքը, որ երկու պետությունների միջեւ հարաբերությունների պատմության մեջ սա Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի առաջին այցն է Ռուսաստան: Հաջող ընթացող երկխոսությունը Մոսկվայի եւ Բաքվի միջեւ հիմք է տալիս հուսալու, որ ռուս-ադրբեջանական հարաբերություններում բացվում է նոր էջ, ընդգծել է վարչության տնօրենը:
Այսօր Մոսկվայում կսկսվեն Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները: Այսօր Վիլայաթ Գուլիեւը հանդիպում կունենա նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Նիկոլայ Գրիբկովի հետ: Հոկտեմբերի 17-ին կկայանան Վիլայաթ Գուլիեւի հանդիպումները Դաշնության խորհրդի նախագահ Եգոր Ստրոեւի, Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի եւ փոխվարչապետ Վիկտոր Խրիստենկոյի հետ: –0–