12.10.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.«Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրի համաձայն, Հարավային Կովկասում քվոտաները սահմանված են երեք պետությունների` Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի համար: Հայտնելով իր մտահոգությունը ԼՂՀ տարածքում եղած սպառազինությունների քանակի կապակցությամբ` Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը փաստորեն ընդունում է, որ Լեռնային Ղարաբաղը կազմում է Հայաստանի մի մասը: Հակառակ դեպքում հենց Ադրբեջանը պետք է կրի Ղարաբաղի հաշվարկման չենթարկված զենքերի պատասխանատվությունը»: ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ խոսնակ Արա Պապյանը` մեկնաբանելով Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հայտարարությունը:
Հոկտեմբերի 11-ին Կիեւում կայացած Գերագույն Ռադայի փոխնախագահ Վիկտոր Մեդվեդչուկի հանդիպմանը Ադրբեջանի պաշտպանության նախարարության պատվիրակության հետ, պատվիրակության ղեկավար Սաֆար Աբիեւը հայտարարել էր, որ Ռուսաստանը Հայաստան է փոխադրել 3 մլրդ դոլարի սպառազինություն, որոնք տեղափոխվել են «գրավյալ տարածք»: Այնտեղ զենքն ավելի շատ է, քան Հայաստանում», – ավելացրել էր Աբիեւը:
Արա Պապյանը ՄԵԴԻԱՄԱՔՍԻՆ ասել է, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրին: Նա նշել է նաեւ, որ բոլոր 5 կատեգորիաներով Հայաստանում եղած սպառազինությունների քանակը ավելի քիչ է, քան դա թույլատրված է Պայմանագրով: –0–