AM
9 Սեպտեմբեր 2011 - 08:10 AMT

Հայաստանի երեք նախագահների պայքարում ավելի շատ շանսեր ունի Սերժ Սարգսյանը, կարծում է Արման Մելիքյանը

Հայաստանի նախկին նախագահների` Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և գործող նախագահ Սերժ Սարգսյանի պայքարում ավելի մեծ շանսեր ունի Սարգսյանը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը: Նրա կարծիքով, և Տեր-Պետրոսյանը, և Քոչարյանն աջակցելու են Սերժ Սարգսյանին, եթե դրվի իրենց հակառակորդի` իշխանության գլուխ բարձրանալու հարցը: Ինչ վերաբերվում է Հայաստանի հեռանկարներին, ապա Մելիքյանի կարծիքով, եթե Սերժ Սարգսյանը վերընտրվի, ապա «Հայաստանը շարունակելու է մնալ սարսափելի ճահճում, երբ կորսված է վստահությունը մտերիմների, իշխանությունների և պետության ապագայի հանդեպ»:

Տեր-Պետրոսյանի կամ Քոչարյանի նախագահության դեպքում երկրին սպասվում է ներքաղաքական իրավիճակի սրում, որը երկրին բոլորովին պետք չէ: Նա նշել է, որ երկրին պետք է քաղաքական գործիչների նոր սերունդ, նոր մարդիկ, ովքեր կարող են միավորել հասարակությունը: