Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Հարավային Կովկաս Քաղաքական երկխոսություն» տարածաշրջանային ծրագրի նորանշանակ ղեկավար դր. Ջանան Աթիլգանին: Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը գերմանական քաղաքական հիմնադրամ է, որն աջակցում է ժողովրդավարության, իրավական պետականության և սոցիալ-շուկայական տնտեսության զարգացմանը և ունի ավելի քան 70 գրասենյակներ ամբողջ աշխարհում:
Արթուր Բաղդասարյանն ընդգծել է Հայաստանի և գերմանական հիմնադրամի միջև համագործակցությանը նոր թափ հաղորդելու անհրաժեշտությունը: Քննարկվել է տարածաշրջանի և ԵՄ անդամ երկրների հայտնի քաղաքական գործիչների մասնակցությամբ Կովկաս-Եվրոպա միջազգային քաղաքական ակումբի ստեղծման հեռանկարը:
Տիկին Աթիլգանը նշել է, որ պատրաստ է իր ներդրումն ունենալ համագործակցության հետագա խորացման գործում և մոտ ապագայում կոնկրետ քայլեր ձեռնարկել վերոնշյալ նախագծի մեկնարկի ուղղությամբ, որը նախատեսվում է իրականացնել հիմնադրամի աջակցությամբ:






