Հայաստանի իշխանությունները ստում են` ասելով, որ ի վիճակի չեն բացահայտել 2008թ. մարտի 1-ի սպանությունները: Այդ մասին Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի ժամանակ հայտնել է Հայաստանի նախկին ռազմական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը: Նրա խոսքով, իշխանությունները պարզապես չեն ուզում բացահայտել, և այդ հանցագործությունների բացահայտման առնչությամբ նրանց բոլոր խոսքերն ու գործողությունները իմիտացիա է: Ջհանգիրյանը հաղորդել է նաև, որ ՀԱԿ-ը վկայություններ ունի, որ մարտի 1-2-ի իրադարձություններին, բացի Հայաստանի զինված ուժերից և ոստիկանությունից, մասնակցել են նաև ԼՂՀ հատուկ նշանակության ոստիկանության ջոկատները:
Հայկական ընդդիմությունը` ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, որն իր թեկնածությունն էր առաջադրել 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների ժամանակ և պարտվեց Սերժ Սարգսյանին, փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում հանրահավաքներ էր անցկացնում` իր դժգոհությունն արտահայտելով քվեարկության արդյունքների կապակցությամբ:
Բողոքի ցույցերը մարտի 1-2-ին անկարգությունների և ոստիկանության հետ ցուցարարների բախումների վերածվեցին: Գլխավոր դատախազության տվյալներով, տուժեց մոտ 200 մարդ, տասը զոհվեցին, իսկ բերման ենթարկվեց ավելի քան 100 մարդ:






