Անգամ ոչ պաշտոնական հայտարարությունների ժամանակ հայ քաղաքական գործիչները պետք է շրջահայաց լինեն` հիշելով WikiLeaks-ի օրինակի մասին: Այդ մասին Հայաստանի Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ հայտնել է խոսնակ Հովիկ Աբրահամյանը: «WikiLeaks-ի վերջին հրապարակումները ցույց են տալիս, որ ցանկացած մեկնաբանություն, որը քաղաքական գործիչը կատարում է կուլուարներում, ժողովրդի առաջ կամ որևէ այլ տեղ, մի օր կարող է հասարակության սեփականությունը դառնալ: Դրանից մեր քաղաքական գործիչները կարող են եզրակացություն անել` արտահայտվելիս պետք է շրջահայաց լինել»,- նշել է նա:
Աբրահամյանը մեկնաբանել է նաև WikiLeaks-ի հրապարակումը Հայաստանում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալ Ջոզեֆ Պեննինգտոնի հետ իր զրույցի մասին, որի ժամանակ ինքն, իբր, քննադատել է վարչապետ Տիգրան Սարգսյանի գործունեությունը: «Ես նման հանդիպում չեմ ունեցել, ստացվում է` մեր միջև զրույց էլ տեղի չի ունեցել»,- ընդգծել է Աբրահամյանը: Նա հերքել է նաև լուրերն այն մասին, թե ինքն է ցանկանում զբաղեցնել վարչապետի պաշտոնը: «Ես չեմ ուզում վարչապետ լինել, ուզում եմ խորհրդարանի նախագահ մնալ»,- ընդգծել է նա:






