Սեպտեմբերի 19-ին Անապայում «Կինոշոկ» ԱՊՀ և Մերձբալթյան երկրների 20-րդ կինոփառատոնի շրջանակներում անցկացվելու է «Մշակութային մենության փորձը. մերձեցման նոր նշաններ» կլոր սեղանը:
Կլոր սեղանը վարելու է հայտնի կինոքննադատ Ելենա Ստիշովան, ով այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնում գլխավորել է «Հայկական համայնապատկեր» անվանակարգը և կինոգետ, արվեստագիտության թեկնածու Իրինա Շիլովան:
Կլոր սեղանին մասնակցելու են ազգային կինոմատոգրաֆիստական ընկերությունների ներկայացուցիչներ և նախկին ԽՍՀՄ երկրներից փորձագետներ:
Կինոփառատոնի մրցութային ծրագրում մասնակցում են Հարություն Շատյանի «Բեռնելով կյանքս», Արշալույս Հարությունյանի «Թափառում», Էդուարդ Թադևոսյանի «Քարեր», Տիգրան Խզմալյանի «Սև ու սպիտակ» և Հրաչ Քեշիշյանի «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմերը:
Անապայում ցուցադրվելիք ֆիլմերի ցանկում ընդգրկված են Ալբերտ Մկրտչյանի «Տխուր փողոցի լուսաբացը», Հարություն Խաչատրյանի «Պոետի վերադարձը», Արման Երիցյանի և Իննա Սահակյանի «Վերջին լարախաղացը», Արման Մանարյանի «Սասունցի Դավիթ» լիամետրաժ մուլտֆիլմը, ինչպես նաև մուլտֆիլմերի առանձին ծրագիրը:






