AM
15 Սեպտեմբեր 2011 - 08:26 AMT

Պետությունը կօգնի անապահով ընտանիքներին վճարել բնական գազի համար

Տարեկան կտրվածքով պետական աջակցությունը ցածր սակագնով գազի դիմաց վճարող անապահով ընտանիքներին կկազմի 1 մլրդ դրամ: Այդ մասին կառավարության նիստում ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Դա լուրջ պետական աջակցություն է սոցիալապես անապահով ընտանիքներին, ինչը թույլ կտա թեթևացնել նրանց բեռը»,-ասել է նա:

Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 15-ի նիստում հավանություն է տվել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին անապահով ընտանիքներին մատակարարված բնական գազի համար տրվող մասնակի փոխհատուցման մասին որոշմանը: Ինչպես հայտնել է ՀՀ էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը, նախարարության խնայողություններից 154 մլն դրամ կփոխանցի 2011թ. երկրորդ եռամսյակի ծախսերը հատուցելու համար:

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ գազ սպառող սոցիալապես անապահով ընտանիքները ապրիլի 1-ից վճարում են ավելի ցածր սակագին: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին տրամադրված սոցիալապես անապահով ընտանիքների ցուցակի համաձայն, հաշվարկային ժամանակաշրջանում նվազեցված սակագնից օգտվել է 49 286 բաժանորդ:

Ցուցակում ընդգրկված բաժանորդները 300 խմ սպառած գազի համար յուրաքանչյուր խմ դիմաց վճարում են 100 դրամ` 132 դրամի փոխարեն:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ամեն ամիս թարմացնում է ցուցակները` ներառելով նոր անապահով բաժանորդներ, որոնք կօգտվեն ցածր սակագնից, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: