AM
15 Սեպտեմբեր 2011 - 16:50 AMT

Հայտնի ջութակահար Սերգեյ Խաչատրյանը ելույթ է ունեցել Պրահայում

Սեպտեմբերի 13-ին Պրահայի Ռուդոլֆինում համերգասրահում ելույթ է ունեցել հայտնի ջութակահար Սերգեյ Խաչատրյանը՝ դասական երաժշտության Դվորժակի «Պրահա» հայտնի փառատոնի շրջանակներում, հայտնում է «Օրեր» շաբաթաթերթը: Նա հանդես է եկել բավարական Բամբերգի սիմֆոնիկ նվագախմբի և անգլիացի հայտնի դիրիժոր Ջոնաթան Նոթի նվագակցությամբ։ Հայ ջութակահարը կատարել է Բրամսի Կոնցերտ ջութակի և նվագախմբի համար և Դվորժակի սիմֆոնիաներից մեկը:

Սերգեյ Խաչատրյանը ծնվել է 1985 թվականին Երևանում՝ երաժիշտ-դաշնակահարների ընտանիքում։ 1993 թվականից ընտանիքը տեղափոխվել է Գերմանիա՝ մշտական բնակության։ Ջութակ նվագել սկսել է վեց տարեկանից՝ պրոֆեսոր Պետրոս Հայկազյանի դասարանում, ուսումը շարունակել է պրոֆեսոր Գ. Ժիսլինի դասարանում՝ Վուրցբուրգ քաղաքում, իսկ 1996 թվականից աշակերտում է Յոզեֆ Ռիսսինին՝ Կարլսռուհեյի երաժշտկան բարձրագույն դպրոցում։ 9 տարեկանում Խաչատրյանը առաջին անգամ հանդես է եկել սիմֆոնիկ նվագախմբի հետ որպես մենակատար։ Տարբեր սիմֆոնիկ նվագախմբերի հետ հանդես է եկել աշխարհի շուրջ 50 երկրներում, այդ թվում և Հայաստանում՝ տարին 1-2 անգամ։ Պարբերաբար մասնակցում է դասական երաժշտության երևանյան Վերադարձի փառատոնին։