Սեպտեմբերի 28-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում Խաչատրյան տրիոն հանդես է գալու համերգով: Կայանալիք համերգը նվիրվելու է Հայաստանի Հանրապետության 20-ամյա հոբելյանին: Համերգի ժամանակ հնչելու են Համահայկական երաժշտական համաժողովի կոմպոզիտորների ստեղծագործությունները` Մ. Վարդազարյան, Կ. Պետրոսյան, Վ. Բաբայան, Է. Միրզոյան, Ռ. Սարգսյան, Լ. Չաուշյան: Միջոցառումը կազմակերպել է Դասական երաժշտության զարգացման հիմնադրամը:
Խաչատրյանի անվան Տրիոն ստեղծվել է 1999 թվականին` որպես «Arsika» տրիո: Տրիոյի կազմում են Արմինե Գրիգորյանը` դաշնամուր, Կարեն Շահգալդյանը` ջութակ և Կարեն Քոչարյանը` թավջութակ: Համույթը մեծ լուսավորչական գործունեություն է ծավալում Հայաստանում. բացի Երևանից, տրիոն համերգներով հանդես է գալիս մարզերում, վարպետության դասեր անցկացնում դպրոցականների և ուսանողների հետ: 2008 թվականին համույթը վերանվանվեց և կոչվեց հայ ականավոր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անունով: Հայաստանի շրջաններ կատարվող շրջագայությունները տրիոյի գործունեության կարևորագույն մասն են կազմում: Նրանք ծրագրերն իրականացնում են «Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի» շնորհիվ: Բացի անվճար համերգներից, նրանք անց կացնում են նաև վարպետության դասեր աշակերտների և ուսանողների համար:






