Իշխանությունների և Հայ ազգային կոնգրեսի միջև քաղաքական երկխոսության վերսկսումը միանգամայն հնարավոր է՝ հաշվի առնելով երկու կողմերի շահագրգռվածությունը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի ղեկավար Ալեքսանդր Իսկանդարյանը: «Դա կարող է տեղի ունենալ նաև հետագայում, քանի որ երկու կողմերը պահպանում են այդ հնարավորությունը»,-նշել է նա: Ըստ նրա, չնայած կոշտ արտահայտություններին, ՀԱԿ-ը դեռ հնարավորություններ է որոնում երկխոսությունը շարունակելու համար, քանի որ նահանջը համագործակցությունից «հազիվ թե դրական արդյունքներ ունենա նրանց համար»: Ընդ որում Իսկանդարյանը նշել է, որ ցանկացած դեպքում դիմակայությունն ու կոշտ հռետորաբանությունը կպահպանվեն, ՀԱԿ-ի հանրահավաքները կշարունակվեն, քանի որ դա նախընտրական պայքարի միջոց է: «Հարցն այն չէ, թե մրցակցություն կլինի, թե ոչ, այլ այն է, թե ինչպես այն կընթանա՝ քաղաքակիրթ ձևով թե ոչ»,- ասել է Իսկանդարյանը:
ՀԱԿ-ի ու կոալիցիոն ուժերի ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 18-ին: Խմբերն ընդունել են առաջիկա բանակցությունների օրակարգը, որը բաղկացած է երկու հարցերից: ՀԱԿ-ն առաջադրել է արտահերթ ընտրությունների պահանջը, իսկ իշխող կոալիցիան` քաղաքական մրցակցության ապահովման կանոնների մշակման հարցը: Որոշ բարդություններ առաջացան, երբ օգոստոսի 9-ին ոստիկանությունը բռնություն կիրառեց Կոնգրեսի համակիրների նկատմամբ: Ըստ ՀԱԿ-ի տեղեկատվության, օգոտոսի 9-ին ոստիկանությունը բռնություն է կիրառել Կոնգրեսի համակիրներ Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի նկատմամբ: «Երբ միջադեպի վայր հասած Կոնգրեսի համակիրներ Արեգ Գևորգյանը, Սահակ Մուրադյանը, Վահագն Գևորգյանը, Սարգիս Գևորգյանը, Դավիթ Քիրամիջյանը փորձել են հարթել միջադեպը, ոստիկանությունը դաժան բռնություն է կիրառել նաև նրանց նկատմամբ: Նրանք բոլորը բերման են ենթարկվել ոստիկանություն»,-ասվում է ՀԱԿ հաղորդագրության մեջ: Ոստիկանությունն իր հերթին մեղադրում է ՀԱԿ ակտիվիստներին ոստիկանների վրա հարձակվելու մեջ: Ներկայումս Տիգրան Առաքելյանը, Արտակ Կարապետյանը, Սարգիս Գևորգյանը հսկողության տակ են, մնացածներն ազատ են արձակվել: ՀԱԿ-ը հայտարարեց իշխանությունների հետ բանակցությունների հնարավոր դադարեցման մասին, սակայն օգոստոսի 23-ին Հայաստանի կառավարության Ընդունելությունների տանը կայացած հանդիպումից հետո ՀԱԿ աշխատանքային խմբի ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտնեց իր համոզմունքի մասին, որ առաջիկայում Տիգրան Առաքելյանի համար խափանման միջոցը կփոխվի: Իշխանության և ՀԱԿ-ի աշխատանքային խմբերի հաջորդ հանդիպումը պետք է կայանար օգոստոսի 26-ին, սակայն այդ օրը ՀԱԿ-ը հայտարարեց իշխանության հետ քաղաքական երկխոսության գործընթացին իր մասնակցության դադարեցման մասին, մինչև որ Տիգրան Առաքելյանը ազատ արձակվի: ՀԱԿ-ի ներկայացուցիչների խոսքով, իրենք Տիգրան Առաքելյանին «քաղբանտարկյալ» են համարում:






