«Հայֆեստ2011» 9-րդ միջազգային թատերական փառատոնը անցկացվելու է հոկտեմբերի 1-8-ը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը: Այս տարի փառատոնին հանդես կգան 18 երկրներից 30 թատերախումբ 60 ներկայացումով: Փառատոնի ուշագրավ հյուրերից են լինելու Մեծ Բրիտանիայից` Էդինբուրգի «Պրոտոթայփ» թատրոնը: Առաջին անգամ կայանալու է «Մենության տանգո» 3D ներկայացումը Բրիտանիայից, որի բեմադրիչն է Բիլլի Քոուն:
Սպասվում է Պերմի մշակույթի նախարար Նիկոլայ Նովիչկովի, փոխվարչապետ Բորիս Միլգրամի ներկայությունը, քանի որ այս տարի «Միհր» թատրոնը Հայաստանը ներկայացրել է «Սպիտակ գիշերները Պերմում» արվեստների փառատոնին: Սպասվում է նաև փառատոնի նախագահ Վերոնիկա Վայսմանի այցը փառատոն: Նրանք կհանդիպեն ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ:
Ղուկասյանի խոսքով Հայաստանի թատրոնները այս տարի պասիվ էին պրեմիերաներով, ակտիվ չէ նաև մասնակցությունը փառատոնին, որովհետև չկան նաև փառատոնային ներկայացումներ: Այնուամենայնիվ «Հայֆեստ»-ին Հայաստանից ներկայացվելու է Գեղագիտության ազգային կենտրոնի, «Միհր» թատրոնի, Դրամատիկական թատրոնի ներկայացումներ: Ներկայացումները կայանալու են Տիկնիկային, Համազգային, Կամերային, Դրամատիկական, Ռուսական թատրոններում:
Փառատոնին ընդգրկվելու են հիմնական և ֆրինջ ծրագրերը: Սպասվում են տիկնիկային, երաժշտական, պարային և այլ բեմադրություններ: Մասնակցելու են Դանիայից, Իտալիայից, Հունգարիայից, Լատվիայից, Բուլղարիայից և այլ երկրներից:
Սպասվում են վարպետության դասեր բրիտանցի պրոֆեսոր Նոյել Վիթսից, Բալթիկ սիրքլ միջազգային թատերական փառատոնի հիմնադիր Յուկա Հյութից:
Փակումը կայանալու է Բրիտանիայի և Վրաստանի համատեղ «Կապիտան Կորելիի ընտրությունը» ներկայացումով:
Այս տարի հայտ էին ներկայացրել 100-ից ավելի ներկայացումներ:






