Սեպտեմբերի 19-ին մեկնարկելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի «Ճանաչիր աշխարհի մշակույթներն ու երկրները» ծրագիրը: Այն իրականացվելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ասոցացված դպրոցների ծրագրի (ԱԴԾ) ցանցում ներառված Հայաստանի 11 դպրոցներում` Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ներգրավմամբ: Ծրագրի մեկնարկի պաշտոնական արարողությունը տեղի է ունենալու սեպտեմբերի 19-ին Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 դպրոցում Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հյուրընկալմամբ: Արարողությանը ներկա են գտնվելու ՀՀ Կրթության եւ գիտության նախարարը, ԱԳՆ փոխնախարարը, ՀՀ-ումն հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներ եւ այլ բարձրաստիճան այրեր:
«Ճանաչիր աշխարհի մշակույթներն ու երկրները» ծրագիրը աշակերտներին հնարավորություն է ընձեռում տարբեր երկրների դեսպանների հետ անմիջական շփման միջոցով հաղորդակից դառնալ այդ երկրների պատմությանը, մշակույթին, ավանդույթներին եւ արժեքներին, ինչպես նաեւ պատասխաններ ստանալ իրենց հետաքրքրող բազմաթիվ հարցերին: Ծրագիրը ընդլայնում է աշակերտների մտահորիզոնը, նպաստում ժողովրդների միջեւ փոխըմբռնման, փոխադարձ հարգանքի, բարեկամության խորացմանը:
ԱԴԾ դպրոցների գործունեությունը ծավալվում է 4 հիմնական թեմաների շուրջ. ՄԱԿ-ի, մասնավորապես, ՅՈՒՆԵՍԿՕ-ի դերը ժամանակակից աշխարհում, արդի մարտահրավերների հաղթահարման գործում, կրթություն հանուն խաղաղության, մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ հանդուրժողականության ամրապնդման, շրջակա միջավայրի պահպանում, առողջ կենսակերպի քարոզչություն, միջմշակութային ուսուցում:






