AM
16 Սեպտեմբեր 2011 - 13:51 AMT

«Կինոշոկ 2011». Այսօր մեկնարկում է կարճամետրաժ ֆիլմերի ծրագիրը, որտեղ ներկայացված է Հայաստանը

Այսօր` սեպտեմբերի 16-ին Անապայում ընթացող «Կինոշոկ» ԱՊՀ և Մերձբալթյան երկրների կինոփառատոնի շրջանակներում մեկնարկում է «Գռանիցի շոկա» կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագիրը: «Գռանիցի շոկա» անվանակարգում ներկայացված են 22 կարճամետրաժ ֆիլմեր Հայաստանից, Բելոռուսից, Ղազախստանից, Լիտվայից, Ադրբեջանից և Ռուսաստանից: Ներկայացված աշխատանքների թվում են 6 անիմացիոն ֆիլմեր:

Անվանակարգի ժյուրիի կազմում են արվեստաբան Եկատերինա Անդրեեվան, կինոքննադատ Վասիլի Կորեցկին, ռեժիսոր Վլադիմիր Կոտտը: Այն գլխավորելու է ռեժիսոր Վլադիմիր Միրզոևը:

Կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում Հայաստանը ներկայացնում է երիտասարդ ռեժիսոր Հարություն Շատյանը իր «Բեռնելով կյանքս» ֆիլմով:

Հարություն Շատյանը ծնվել է 1985 թ-ին: Զինծառայությունից հետո 2006 թ-ին ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի խաղարկային ֆիլմերի ռեժիսուրայի բաժին: «Բեռնելով կյանքս» ֆիլմը նրա դիպլոմային աշխատանքն է: Այն դարձել է «Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցույթի հաղթողը և նաև արժանացել է «Նուարդ» մրցանակին: Նոյեմբերի 16-20-ը Բրիտանական խորհրդի աջակցությամբ կմասնակցի Բրիստոլում անցկացվող Encounters միջազգային կինոփառատոնին և կներկայացնի իր ֆիլմը:

«Բեռնելով կյանքս» ֆիլմը պատմում է շաքարախտով հիվանդ երիտասարդի մասին, ով ստիպված գողություն է անում իրեն հասանելի ինսուլինը գնելու նպատակով: