AM
19 Սեպտեմբեր 2011 - 10:27 AMT

Լևոն Զուրաբյան. Լևոն Տեր-Պետրոսյանը զորահանդեսին կմասնակցեր միայն այն դեպքում, եթե անձամբ այն ընդուներ

ՀԱԿ ներկայացուցիչները չեն մասնակցի այսօր ԱԺ-ում կայանալիք Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված ընդունելությանը: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը: «Ավազակապետերի հետ ի՞նչ խրախճանքի կարելի է մասնակցել, ավազակապետերի հետ կարելի է բանակցել միայն երկիրն իրենց իսկ լծից ազատելու շուրջ»,- ասել է նա և հավելել, որ ՀԱԿ-ը չի մասնակցելու սեպտեմբերի 21-ի զորահանդեսին: Նրա խոսքով, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը զորահանդեսին կմասնակցեր միայն այն դեպքում, եթե անձամբ այն ընդուներ:

Հայաստանի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը չեն մասնակցելու սեպտեմբերի 21-ի տոնական միջոցառումներին, որոնք նվիրված են Հայաստանի անկախության 20-ամյակին: Ինչպես հաղորդել էPanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում երկրորդ նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը, «Ռոբերտ Քոչարյանն արդեն մի քանի օր անձնական այցով գտնվում է Հայաստանից դուրս և սեպտեմբերի 21-ին չի կարող մասնակցել տոնական միջոցառումներին»: Միաժամանակ Սողոմոնյանը չի բացահայտել այդ այցի մանրամասները:

Հայտնի է դարձել նաև, որ Հայաստանի առաջին նախագահ և ընդդիմադիր ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը սեպտեմբերի 21-ին չի մասնակցելու տոնական միջոցառումներին: PanARMENIAN.Net ին չի հաջողվել մեկնաբանություն վերցնել Տեր-Պետրոսյանի որոշման առթիվ ՀԱԿ ներկայացուցիչներից, քանի որ վերջիններս չէին պատասխանում հեռախոսազանգերին: