AM
20 Սեպտեմբեր 2011 - 04:22 AMT

Հայաստանում անցկացվելու է «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումը

Հոկտեմբերի 1-2-ը Հայաստանում անցկացվելու է «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումը, որն այս տարի հանդես կգա «Գրավոր ժառանգություն» խորագրի ներքո, հայտնում է ՀՀ մշակութային նախարարության պաշտոնական կայքը:

«Գրավոր ժառանգություն» թեմայի ընտրությունը պայմանավորվում է 2012 թ. նախատեսված 2 կարևոր մշակութային իրադարձությամբ՝ Հայ գրատպության 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ:

Եվրոպայի խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի հովանու ներքո ընթացող «Եվրոպա. ընդհանուր ժառանգություն» կարգախոսի համատեքստում Հայաստանը կանդրադառնա հազարամյակների խորքից ծնունդ առնող իր գրավոր խոսքին` Գեղամա լեռների ժայռապատկերներից մինչև սեպագիր ու վիմագիր արձանագրություններ, ձեռագիր մատյաններից մինչև 1-ին հայ տպագիր գիրք:

2012 թ. նախանշվող 2 մեծ մշակութային իրադարձություններին ընդառաջ` Եվրոպական ժառանգության օրերը հանդիսանալու են լավագույն հարթակ` արժևորելու հայ գրավոր ժառանգության ակունքները մինչև մաշտոցյան այբուբեն ու Հակոբ Մեղապարտ, ինչպես նաև ընդգծելու գրավոր խոսքի` տարածության ու ժամանակի մեջ հաղորդակցության գլխավոր միջոցի դերն ու նշանակությունը:

Այս տարի միջոցառումների ծրագիրը ներառելու է այցելություններ դեպի այն հուշարձաններն ու վայրերը, ուր պատմականորեն ձևավորվել ու գործել են հայ գրչության ու կրթամշակութային կենտրոններ, միջնադարյան գրադարաններ ու համալսարաններ: