AM
28 September 2000 - 14:07 AMT

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-ին ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՊԵՏՔ Է ՈՐՈՇՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՈՒԺԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հոկտեմբերի 11-ին Մոսկվայում նախատեսվում է անցկացնել 1992 թվականի մայիսի 15-ին ստորագրված Միասնական անվտանգության պայմանագրի /ՄԱՊ/ մասնակից պետությունների միասնական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջան: Հայաստանից եւ Ռուսաստանից բացի այս կազմակերպությունում ընդգրկված են նաեւ Բելառուսը, Ղրղզստանը, Ղազախստանը եւ Թաջիքստանը: Դիտորդի կարգավիճակով նստաշրջանին կմասնակցի նաեւ Ուկրաինան: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, խորհրդի նիստին կմասնակցեն կազմակերպության անդամ պետությունների նախագահները, արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները, ինչպես նաեւ անվտանգության խորհուրդների քարտուղարները: Մոսկովյան նստաշրջանին նախատեսվում է ընդունել 2001-2005թթ. ժամանակահատվածում հիմնական միջոցառումների ծրագիրը` ՄԱՊ-ի անդամ պետությունների միասնական ավտանգության համակարգի ձեւավորման ուղղությամբ: Ծրագրի գլխավոր կետն է ՄԱՊ-ի անդամ պետությունների միասնական անվտանգության տարածաշրջանային ուժերի ձեւավորումը:
Այսօր Մոսկվայում կանցկացվի միասնական անվտանգության խորհրդի խորհրդակցական մարմնի` ՄԱՊ-ի անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստ` ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Իվանովի գլխավորությամբ: Հաշվի առնելով Կենտրոնական Ասիայում տիրող բարդ ռազմաքաղաքական իրավիճակը` նիստում կքննարկվի միասնական անվտանգության տարածաշրջանային ուժերի ձեւավորման հարցը: Կոմիտեի նիստին կմասնակցի նաեւ միասնական անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Վալերի Նիկոլաենկոն: