AM
24 Սեպտեմբեր 2011 - 09:59 AMT

Մարզպետարաններն արժանի ուշադրություն չեն դարձնում իրենց պարային խմբերին

Հանրապետությունում առաջին անգամ տեղի ունեցած Միջհամայնքային մշակութային առաջին ցուցահանդեսի (մարզային «ArtExpo») և մրցույթ-փառատոնի շրջանակներում «Լավագույն պարային խումբ (անհատ կատարող)» անվանակարգի ժյուրիի նախագահ, Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի ամբիոնի վարիչ, «Բերդ» պարային համույթի գլխավոր պարուսույց Կարեն Գևորգյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ փառատոնը կարծես մի տեսակ հաշվետվություն էր մարզերի պարային համույթների համար: Ըստ նրա, ՀՀ մարզերի պարային համույթները շատ մեծ անելիքներ ունեն: Բացի կատարողական տեխնիկայի թերություններից, կան նաև թերություններ տարազների և երաժշտության ընտրության հարցում: Ըստ Գևորգյանի, այդ ամենը մարզպետարանների թերացումն է, որովհետև նրանք լավ չեն հետևում պարային խմբերի գործունեությանը, այնինչ պարը ամենամեծ մասսայականությունը վայելող արվեստն է և ամենախոցելին:

Մրցույթ-փառատոնի 1-ին մրցանակին արժանացել է Վանաձորի քաղաքապետարանի «Հորովել» համույթը, իսկ 2-րդ մրցանակին` «Վեդի» պարային համույթը:

Միջհամայնքային մշակութային առաջին ցուցահանդեսը (մարզային «ArtExpo») և մրցույթ-փառատոնը կայացել է սեպտեմբերի 2011 թ. սեպտեմբերի 4-5-ը Վանաձորում և 8-9-ը՝ Գյումրիում: Արդյունքներն ամփոփվել են այսօր` ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում: