AM
26 Սեպտեմբեր 2011 - 10:02 AMT

Orange գրքի մրցույթի մասնակցության է ընդունվել 130 ստեղծագործություն

Ավարտվել է հուլիսի 11-ին մեկնարկած «Orange գրքի մրցանակ 2011» գրքի մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը: Այս մասին հայտնում են Orange-ի մամլո ծառայությունից։

Կազմակերպիչներն ընդունել են ընդհանուր թվով 130 ստեղծագոործություն, որոնցից 79 պատմվածքներ ու էսսեներ են, 16-ը` հեքիաթներ, 24-ը` դրամատիկական գործեր և 11-ը` վեպեր: Այս պահից սկսվում է ժյուրիի անդամների ընթերցանության շրջանը, որի ավարտին յուրաքանչյուր կատեգորիայում կընտրվեն առավելագույնը լավագույն չորս գործերը, որոնք էլ հոկտեմբերի 7-ին` «Դարձ առ գիրք» գրքարվեստի փառատոնի ժամանակ կհանձնվեն ընթերցասերների լայն շրջանակների դատին: Հաղթողները կընտրվեն ընթերցողների առցանց քվեարկությամբ:

Մրցույթի 4 անվանակարգերում` պատմվածք և էսսե, վեպ, հեքիաթ, դրամատիկական գործ և սցենար, մասնակցում են նրանք, ովքեր ստեղծագործում են հայերենով, ներկայացրել են նախկինում չհրատարակված գրական երկ և մշտապես բնակվում են Հայաստանում:

Յուրաքանչյուր ժանրում հաղթող ճանաչված ստեղծագործությունը կհրատարակվի առանձին գրքով, 500 տպաքանակով: Մրցույթի հաղթողները կհայտարարվեն նոյեմբերի 11-ին կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ:

Մրցույթի նպատակն է բացահայտել ժամանակակից հայ գրողներին, օրեցօր զարգացող էլեկտրանային մեդիայի միջոցով տարածել նրանց ստեղծագործությունները ընթերցողների առավել լայն զանգվածներին, ինչպես նաև խթանել հետաքրքրությունը ընթերցանության նկատմամբ: Այս նախաձեռնությամբ Orange-ը նաև պատրաստվում է Երևանի հետ միասին նշել գրքի և ընթերցանության տոնը` ընթառաջ գնալով 2012թ., երբ Երևանը կդառնա գրքի համաշխարհային մայրաքաղաքը: Orange գրքի մրցանակը կազմակերպվում և իրականացվում է «Հայ գրքի կենտրոն» հասարակական կազմակերպության հետ միասին: