Սեպտեմբերի 29-ին Երևանում կայանալիք Ալեսսանդրո Սաֆինայի համերգը, որը կայանալու է Սեզարիա Էվորայի համերգի փոխարեն, կազմակերպվել է հատուկ «Chronograph» ժամացույցների և ոսկերչական իրերի խանութ-սրահի ընտրյալ հաճախորդների համար: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց խանութ-սրահի ղեկավար Համազասպ Մելքումյանը: Նա ասաց, որ իրենց ընկերությունը վերը նշված համերգով շնորհակալություն է հայտնելու իր 2 տարվա հաճախորդներին, սակայն քիչ քանակությամբ տոմսեր, այնուամենայնիվ վաճառվելու են, «բարձր երաժշտության կարիք ունեցող մարդկանց համար» 5000-35.000 դրամով:
Ինչ վերաբերում է «Երևանյան հեռանկարներ» փառատոնին, ապա պարզվեց, որ փառատոնի կազմկոմիտեն միայն միջնորդի դեր է կատարում երգչին Երևան հրավիրելու համար: Այն մարդիկ, ովքեր գնել էին Էվորայի համերգի համար տոմսեր, ցանկության դեպքում կարող են փոխել այն:
Սեպտեմբերի 29-ին Երևանում պետք է ելույթ ունենար հռչակավոր երգչուհի Սեզարիա Էվորան: Վերջերս իր հյուրախաղերի շրջանակներում Էվորան ժամանել էր Փարիզ, սակայն նրա առողջական վիճակն այնքան էր վատացել, որ նա որոշել է չեղյալ հայտարարել բոլոր համերգներն ու հրաժեշտ տալ բեմին:






