AM
26 Սեպտեմբեր 2011 - 11:45 AMT

Երևանում կայացած զորահանդեսից հետո Բաքուն պետք է մտածի` արժե արդյոք նոր պատերազմ սկսել Ղարաբաղում

Երևանում Հայաստանի Անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսից հետո Ադրբեջանը փորձում է «լավ դեմք ցույց տալ վատ խաղի ժամանակ»: Եվ որքան էլ փորձում են ադրբեջանական իշխանությունները քաղաքագետների և փորձագետների շուրթերով համոզել իրենց հասարակայնությանը, որ հայկական բանակը և հայկական ռազմական տեխնիկան բոլորովին սարսափելի չեն, բոլոր հայտարարությունների քողի տակ երևում է բացարձակ շփոթվածություն: Այդ շփոթվածությունը հստակ տեսանելի է նաև Ադրբեջանի շարքային քաղաքացիների գրառումներում: Հայ ռազմական փորձագետները Երևանում տեղի ունեցած զորահանդեսից հետո ադրբեջանական կողմի դրությունը բնութագրում են մեկ բառով` շոկ:

Բաքուն վերջին տարիներին նույնիսկ չէր փորձում թաքցնել գնվող և արտադրվող զենքի հսկայական ծավալները: Այդ «անկեղծությունը» նպատակ ուներ վախեցնել հայկական կողմին, ստիպել նահանջել ադրբեջանական բանակի «հզորության» դիմաց: Բայց նույն Բաքուն պատրաստ չէր հայկական բանակի տեխնիկական պատրաստվածությանը: Բաքուն, որը երրորդ երկրից ձեռք էր բերել անօդաչու թռչող սարք, որը վերջերս Արցախում ոչնչացվել էր, պատրաստ չէր հայկական կողմի մոտ անօդաչու ինքնաթիռների առկայությանը, ընդ որում սեփական արտադրության: Ադրբեջանը, որը երբեք չի ունեցել պրոֆեսիոնալ բանակ և նույնիսկ արցախյան պատերազմի տարիներին հույսը դրել էր այլ երկրների վարձկանների վրա, պատրաստ չէր տեսնել պրոֆեսիոնալ հայ մարտիկներին:

Եվ դա այն դեպքում, որ Երևանում զորահանդեսի ժամանակ բնականաբար ցուցադրվեց հայկական ռազմական տեխնիկայի ոչ ամբողջ հզորությունը: Ինչպես այսօր հայտարարել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը. «եթե մենք ունենայինք ատոմային ռումբ կամ С400, մենք չպետք է ցույց տայինք դրանք»:

Միաժամանակ Բաքուն պնդում է, թե հիանալի գիտի` ինչ սպառազինություններ ունի Հայաստանը: Ինչպես հայտարարել է օրերս Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը, «վերջերս ստացված տեղեկությունների համաձայն Հայաստանը որոշ հարևան երկրներից ստացել է զգալի քանակությամբ հարձակողական սպառազինություն: Դրանց շարքում` հրթիռներ, հակահրթիռային զենք, 78 հազար Կալաշնիկովի ինքնաձիգ և այլն»:

Եթե Ադրբեջանում, ինչպես պնդում են, հաշվել են հայկական զենքը, ապա ինչո՞վ է պայմանավորված այդքան ակնհայտ շոկային դրությունը: Այն գիտակցությա՞մբ, որ Երևանում զորահանդեսից հետո, որի տեսագրությունը հեշտությամբ կարելի է գտնել YouTube կայքում, ավելի բարդ է լինելու սեփական ժողովրդին հեքիաթներ պատմել հայկական բանակի ոչ պրոֆեսիոնալության մասին: Թե՞ Բաքուն ամեն դեպքում չի կասկածում իր իրազեկության մեջ և փորձում է գուշակել, թե էլ ինչ սպառազինություններ ունի հայկական բանակը: Եվ նման քանակությամբ հարձակողական սպառազինության առկայության դեպքում Ադրբեջանի` նոր պատերազմ սկսելու փորձը չի՞ վերածվի արդյոք նրա համար այս անգամ աղետալի պարտության: Ամեն դեպքում ադրբեջանական իշխանությունները պետք է լավ մտածեն ռազմական գործողություններ սկսելուց առաջ: Ո՞վ գիտի, թե դեռ ինչ զենքեր ունի հայկական կողմը: