AM
27 Սեպտեմբեր 2011 - 04:12 AMT

Վահան Հովհաննիսյան. Ես շատ ուրախ կլինեմ, եթե ադրբեջանցիները ՀՀ նախագահի ելույթը դնեն Եվրանեսթի քննարկմանը

Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավար, ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է Եվրանեսթում ադրբեջանական պատվիրակության անդամ Ասիմ Մոլազադեի հայտարարությունը: Վերջինս հայտարարել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «կոպտորեն խախտել է միջազգային իրավունքի նորմերը» և նա ցանկանում է Եվրանեսթի քննարկման դնել Սերժ Սարգսյանի ելույթը:

«Այդ հայտարարությունը կատարել է «նշանավոր» Ասիմ Մոլազադեն, որը, լսելով ցանկացած հիշատակություն Հայաստանի կամ հայերի մասին, հիվանդագին կերպով է արձագանքում: Մենք դրան արդեն վարժվել ենք: Ես շատ ուրախ կլինեմ, եթե Մոլազադեն Հայաստանի նախագահի ելույթը դնի Եվրանեսթի քննարկմանը»,- հայտարարել է Վահան Հովհաննիսյանը:

«Ինձ շատ հետաքրքիր է, թե ադրբեջանցիներն ինչ կարող են ասել, չէ որ եթե քննարկվեն այդ ելույթի մանրամասները, դա կլինի ոչ նրանց օգտին»,- ասել է Հովհաննիսյանը:

«Ենթադրենք, մենք քննարկում ենք Իլհամ Ալիևի հիստերիկ ելույթները, նրա սպառնալիքները և ռազմատենչ հայտարարությունները: Ոչ մի խորհրդարանական վեհաժողով իրավունք չունի եզրակացություն տալ կամ բանաձև ընդունել այդ հայտարարությունների վերաբերյալ»,- ասել է նա:

Ինչ վերաբերվում է Ս. Սարգսյանի ելույթին, ՀՅԴ պատգամավորի խոսքով, այն հավասարակշռված էր, նույնիսկ զգուշավոր: