Ադրբեջանական կողմին ոչինչ չի մնում այս կամ այն ատյանում Սերժ Սարգսյանի ելույթը քննարկելուց բացի, PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Եվրանեսթում» Հայաստանի պատվիրակության անդամ, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը՝ մեկնաբանելով «Եվրանեսթում» ադրբեջանական պատվիրակության անդամ Ասիմ Մոլլազադեի հայտարարությունը, որն ասել էր թե ՄԱԿ-ի ԳՎ նստաշրջանում իր ելույթով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «կոպտորեն խախտեց միջազգային իրավական նորմերը» և որ ինքը ցանկանում է «Եվրանեսթի» քննարկմանը դնել նախագահ Սարգսյանի ելույթը:
Ընդ որում, Սահակյանը նշել է, որ «պատմությունն ու կյանքը ապացուցեցին, որ քննարկելով մեր յուրաքանչյուր բառը, նրանք չկարողացան ապացուցել հակառակը: Ես նրանց կառաջարկեի ավելի շուտ քննարկել սեփական նախագահի ելույթն ու սեփական երկրի իրադարձությունները»:
Հովհաննես Սահակյանն ափսոսանք է հայտնել, որ ադրբեջանական պատվիրակությունը «Եվրանեսթում» մինչ օրս այդպես էլ չհասկացավ այդ կառույցի ստեղծման նպատակը: «Ապացույցը վերջին զեկույցի ձախողումն էր, քանի որ Եվրանեսթը» քաղաքական հարցերի կամ հակամարտությունների քննարկման հարթակ չի հանդիսանում»,-ասել է նա:
Ինչ վերաբերում է Մոլլազադեի հայտարարությանը, ապա Սահակյանը նշել է, որ չի կարծում, թե ադրբեջանական կողմը կարող է դրան հասնել կամ ինչ-որ բան ասել:






