AM
27 Սեպտեմբեր 2011 - 04:21 AMT

Մարտիրոս Սարյանի ու Արամ Խաչատրյանի հարաբերությունները կներկայացվեն «Եվրոպական ժառանգության օրեր»-ի շրջանակում

Հոկտեմբերի 2-ին, ժամը 14.00-ին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում կայանալու է Մարտիրոս Սարյանին և Արամ Խաչատրյանին նվիրված միջոցառում:

«Մարտիրոս Սարյան – Արամ Խաչատրյան»` երկու հայ մեծերի փոխհարաբերութունը, միմյանց մասին թողած հուշերը ներկայացնելու է երաժշտագետ, կոնսերվատորիայի պրոֆեսոր Արաքսի Սարյանը: Սլայդ-շոույի միջոցով ներկայացվելու են Մ. Սարյանի բնանկարները Ա. Խաչատրյանի երաժշտության ներքո:

Հոկտեմբերի 1-2-ը Հայաստանում անցկացվելու է «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումը, որն այս տարի հանդես կգա «Գրավոր ժառանգություն» խորագրի ներքո: «Գրավոր ժառանգություն» թեմայի ընտրությունը պայմանավորվում է 2012 թ. նախատեսված 2 կարևոր մշակութային իրադարձությամբ՝ Հայ գրատպության 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ:

Այս տարի միջոցառումների ծրագիրը ներառելու է նաև այցելություններ դեպի այն հուշարձաններն ու վայրերը, ուր պատմականորեն ձևավորվել ու գործել են հայ գրչության ու կրթամշակութային կենտրոններ, միջնադարյան գրադարաններ ու համալսարաններ: