Հոկտեմբերի 1-ին ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ անցկացվող «Եվրոպական ժառանգության օրեր» մշակութային ծրագրի և «Գրական հիշողություններ» խորագրի շրջանակներում Մ.Սարյանի տուն-թանգարանում կայանալու է «Մ.Սարյանի գրական շրջապատը» գրական-երաժշտական ցերեկույթը: Միջոցառման ունկնդիրները տեղեկանալու են Սարյանի «արծաթե դարի» (20 դար) ռուս բանաստեղծների, հայ և արտասահմանցի գրողների` նկարչի ժամանակակիցների հետ բազմաթիվ կապերի մասին: Ռուսական դրամատիկական թատրոնի դերասանները կարդալու են Մ. Սարյանին նվիրված Վերա Զվյագինցևայի, Ռասուլ Գամզատովի, Նատալյա Կոնչալովսկայայի և այլոց բանաստեղծությունները: Կհնչեն երգեր հայ բանաստեղծների խոսքերով:
Հոկտեմբերի 1-2-ը Հայաստանում անցկացվելու է «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումը, որն այս տարի հանդես կգա «Գրավոր ժառանգություն» խորագրի ներքո: «Գրավոր ժառանգություն» թեմայի ընտրությունը պայմանավորվում է 2012 թ. նախատեսված 2 կարևոր մշակութային իրադարձությամբ՝ Հայ գրատպության 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ:
Այս տարի միջոցառումների ծրագիրը ներառելու է նաև այցելություններ դեպի այն հուշարձաններն ու վայրերը, ուր պ ատմականորեն ձևավորվել ու գործել են հայ գրչության ու կրթամշակութային կենտրոններ, միջնադարյան գրադարաններ ու համալսարաններ:






