19.09.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Հայաստանը պատրաստ է ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ինտենսիվ աշխատաքներին, այնպես էլ` Ադրբեջանի հետ անմիջական երկխոսությանը, սակայն գտնում է, որ Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ բանակցությունները ավելի արդյունավետ կլինեն, քանի որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն է որոշելու իր ճակատագիրը: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 55-րդ նստաշրջանին:
Օսկանյանը հայտարարել է, որ խաղաղությունը Լեռնային Ղարաբաղում Հայաստանը ընկալում է որպես Ադրբեջանի հետ առճակատումից հրաժարվելու եւ համագործակցության ու փոխադարձ անվտանգության ոգով հարաբերությունների զարգացման հնարավորություն: «Մենք մտածում ենք այն օրվա մասին, երբ Ղարաբաղը կդադարի մեր երկրները բաժանող «անդունդ» լինելուց եւ կդառնա բոլոր ներքաշված ժողովուրդների բարեկեցությանը ծառայող մի կամուրջ»,- ասել է Հայաստանի ԱԳ նախարարը:–0–