19.09.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Տարածաշրջանը շարունակում է տառապել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բացակայունթյան պատճառով: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 55-րդ նստաշրջանին:
Նախարարը նշել է, որ անկախության առաջին իսկ օրերից Հայաստանը Անկարայի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու պատրաստակամություն է հայտնել, սակայն Թուրքիան շարունակում է այս հարցում Ղարաբաղյան խնդրի եւ Հայոց ցեղասպանության հետ կապված պայմաններ առաջ քաշել:
Վարդան Օսկանյանը ասել է, որ սեպտեմբերի 7-ին ելույթ ունենալով «ՄԱԿ-ի Հազարամյակի գագաթնաժողովում», Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը «ձեռք է մեկնել մեր հարեւանին, որպեսզի մենք միասին որոշենք ինչպես ենք ապրելու, գիտակցելով անցյալի ճշմարտությունը` ապագային խոստումերը վտանգելու փոխարեն»: Սակայն, ասել է Հայաստանի ԱԳ նախարարը, Թուրքիայի արձագանքը ցույց տվեց, որ «թուրքերը շարունակում են թույլ տալ պատմության վախին իշխել գործելու իրենց ազատության վրա»: —0–