19.09.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.«Թուրքիայի ԱԳ նախարար պ-ն Ջեմը ցանկալին ներկայացնում է որպես իրականություն: Հայաստանը շատ ավելի կայացած եւ ժողովրդավարական պետություն է, քան տարածաշրջանի մի շարք պետություններ»: Այս մասին ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է ԱԳ նախարարության խոսնակ Արա Պապյանը, մեկնաբանելով Թուրքիայի ԱԳ նախարար Իսմաիլ Ջեմի հարցազրույցը «Milliet» թերթին:
Ջեմը ասել էր. «Լիարժեք պետություն ստեղծելու Հայաստանի բոլոր փորձերը տապալվել են, այդ երկրի տնտեսությունը տագնապալի վիճակում է գտնվում: Իրենց ատելությունը Թուրքիայի նկատմամբ Հայաստանի իշխանությունները եւ սփյուռքը փորձում են օգտագործել որպես միավորող գաղափար»:
«Ինչ վերաբերվում է պ-ն Ջեմի օգտագործած «ատելություն» բառին, հերթական անգամ ստիպված եմ հիշեցնել, որ Թուրքիան է իրականացնում Հայաստանի շրջափակումը, Ղարաբաղյան հարցում Թուրքիան է զբաղեցնում է բացայհայտորեն կողմնակալ դիրքորոշում եւ Թուրքիան է պարբերաբար մերժում քաղաքակիրթ երկխոսություն սկսելու հայկական կողմի առաջարկները: Այսպիսով, պ-ն Ջեմը ոչ մի հիմք չունի խոսելու Թուրքիայի նկատմամբ Հայաստանի տածած ատելության մասին»,- ասել է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին Արա Պապայանը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ