19.09.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Մենք վստահ ենք, որ տարածաշրջանային տնտեսական համագործակցության սկիզբը Հարավային Կովկասում թույլ կտա մոտենալ քաղաքական հակամարտությունների կարգավորմանը: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 55-րդ նստաշրջանին:
Վարդան Օսկանյանի խոսքերով, այսօրվա իրականությունը միջազգային կազմակերպություններից նոր մոտեցումներ է պահանջում: «Տարածաշրջանային եւ ենթատարածաշրջանային ինտեգրացիան քաղաքականապես եւ տնտեսապես նպատակահարմար է եւ շահավետ»,- ընդգծել է Հայաստանի ԱԳ նախարարը:
Վարդան Օսկանյանը ասել է նաեւ, որ Հայաստանը, որը 1999 թ-ի նոյեմբերին Ստամբուլում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողին առաջինն է հայտարարել Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության համակարգի ստեղծման անհրաժեշտության մասին, պատրաստ է կոնկրետ աշխատաքներ սկսել` այդ առաջարկը իրականացնելու համար:
«Հայաստանը հետագայում եւս կվարի կոմպլեմետարության քաղաքականությունը եւ կզարգացնի հարաբերությունները Կովկասում քաղաքական եւ տնտեսական շահեր ունեցող բոլոր երկրների հետ», – նշել է նախարարը: Նրա խոսքերով, տվյալ մոտեցումը արդարացրել է իրեն նախորդ տարիների ընթացքում, եւ Հայաստանը վստահ է, որ այն ծառայում է տարածաշրջանի ապաբեվեռացման գործին: –0–