AM
15 September 2000 - 11:41 AMT

ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԸ ՉԻ ԺԽՏԵԼ, ՈՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է «ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ» ՏԱՐԲԵՐԱԿԸ

15.09.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.«Խոսքը չի գնում այն մասին, որ կարելի է հանձնել տարածքներ, փոխարենը չստանալով համապատասխան զիջումներ»:
Այս մասին ասել է հատուկ հանձնարարություններով դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Քերի Քեվինոն` հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, պատասխանելով «խաղաղություն տարածքների փոխարեն» բանաձեւով ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու հնարավորության հարցին: Բանակցային գործընթացի այլ մեկնաբանություններից Քեվինոն հրաժարվել է:
Պատասխանելով այն հարցին, թե որքանո՞վ է այսօր հրատապ սահմանների անձեռնմխելիության սկզբունքը, Քեվինոն ասել է. «Դժվար է ասել, ի՞նչն է ճիշտ եւ ինչը` ոչ»: Միաժամանակ նա նշել է, որ սահմանների փոփոխության պրակտիկան «չի աջակցվում Եվրոպայում»:
Քերի Քեվինոն ասել է նաեւ, որ վերջին ժամանակներում միջազգային կազմակերպությունները բազմիցս հասկացնել են տվել, որ եթե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները գտնեն հակամարտության լուծումը, ապա տարածաշրջանին լայնածավալ ֆինանսական աջակցություն կցուցաբերվի: -0-