15.09.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.«Ղարաբաղյան կարգավորման բանակցությունները բավականին ինտենսիվ մասնակցություն են պահանջում, եւ այս խնդիրը խլում է իմ ժամանակի 60 տոկոսը»:
Այս մասին հայտնել է հատուկ հանձնարարություններով դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի համանախագահ Քերի Քեվինոն` հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Քեվինոն նշել է, որ երբ հակամարտության կողմերը մերժեցին ԵԱՀԿ-ի մի քանի առաջարկները, «աջակցություն ստացավ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների ձգտումը սեփական որոշում գտնել»: Ամերիկյան դիվանագետի խոսքերով,Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները «շատ անկեղծ են հակամարտության վերջնական լուծումը գտնելու իրենց ցանկության մեջ»: Քեվինոն հայտարարել է, որ Քոչարյանը եւ Ալիեվը համաձայն են, որ որոշումը պետք է փոխզիջումային լինի, սակայն միաժամանակ, «երկուսն էլ իրենց երկրների անվտանգ ապագայի երաշխիքների կարիք ունեն»:
Ամերիկայն դիվանագետը հակամարտությունը կոչել է «քաղաքականապես փոփոխական» եւ ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունները համեմատել Յերուսաղեմի կարգավիճակի շուրջ տարվող վեճերի հետ, երբ, իր խոսքերով «ընդամենը մի բառի նշանակությունը կարող է լրջորեն ազդել կողմերի դիրքորոշումների վրա»: Քեվինոն հայտարարել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, «որ խաղաղ պայմանագրի ստորագրումից հետո նախագահներից մեկը կարող է մահանալ կամ սպանվել, պայմանագիրը կարող է հարատեւ լինել միայն այն դեպքում, եթե ստանա հասարակության լայն շերտերի աջակցությունը»: –0–