Ֆրանկֆուրտի «Հայ մեդիա» հայկական հրատարակչատանը լույս է տեսել Յոխեն Մանգելսենի «Հայաստան մոլորակը. ուխտագնացություն անծանոթ երկրում» գիրքը։ «Գիրք գրելու նախաձեռնությունն ի հայտ եկավ անցած տարի, երբ սեպտեմբերի 1-ին եկա Երևան, հետո գնացի Էջմիածին, այնտեղից էլ՝ դեպի Դադիվանք»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց հեղինակը։
Նա նշեց, որ ճանապարհորդությունը տևել է երեք շաբաթ, որի ընթացքում 500 կմ-ը Մանգելսենն անցել է ոտքով։ Նա առաջին անգամ Հայաստանում եղել է 1961 թվականին՝ ընտանիքի հետ, այնուհետև ևս մեկ անգամ եկել է 90-ականներին։
Գիրքը պատմում է Հայաստանի պատմության, մշակույթի, ավանդույթների մասին։ Ընդգրկված են նաև արցախյան հերոսամարտն ու Հայոց ցեղասպանությունը։ Հեղինակը հատուկ շեշտեց՝ գրքում ընդգրկված չեն 90-ականների քաղաքական շարժումները։ «Հայաստան մոլորակը. ուխտագնացություն անծանոթ երկրում» գիրքը ցուցադրվելու է Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառի հայկական տաղավարում։ Հեղինակը հույս հայտնեց, որ կես տարվա ընթացքում այն գերմաներենից կթարգմանվի հայերեն և կներկայացվի Երևանում 2012 թվականին՝ «Երևանը գրքի մայրաքաղաք» միջոցառումների շրջանակում։






