14.09.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Կովկասի տարածաշրջանում անվտանգության համակարգի ձեւվավորումը, այդ թվում, Կովկասի համար «Կայունության Պակտի» ստորագրումը հնարավոր կլինի միայն տարածաշրջանում առկա` ղարաբաղյան, աբխազական եւ հարավ-օսական հակամարտությունների կարգավորումից հետո: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարության ԱՊՀ չորրորդ դեպարտամենտի փոխտնօրեն Ալեկսանդր Չեպուրինը` հանդես գալով «Կովկասյան տարածաշրջանի խաղաղության եւ կայունության խնդիրները» հանդիպման ժամանակ:
Դիվանագետի խոսքերով, մինչեւ որ այդ հակամարտությունները կարգավորված չեն, «Պակտի կետերի վերաբերյալ աշխատանքը թեեւ անհրաժեշտ է, սակայն զուտ տեսական բնույթ է կրում»: Նա նաեւ ընդգծել է, որ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակի պահպանումը Կովկասում չի համապատասխանում Ռուսաստանի ոչ քաղաքական, ոչ էլ տնտեսական շահերին:
«Մենք շարունակում ենք համարել, որ Հարավային Կովկասը կարիք ունի անվտանգության տարածաշրջանային համակարգի եւ պատրաստ ենք աշխատել դրա ձեւավորման ուղղությամբ», -ասել էր ՀՀ Նախագահը` սեպտեմբերի 7-ին հանդես գալով Նյու Յորքում:
Իսկ արտգործնախարար Վարդան Օսկանյանը հուլիսին ասել էր, որ տարածաշրջանային համագործակցության, անվտանգության եւ կայունության խնդիրների քննարկումը «1+3» բանաձեւով /Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան եւ Վրաստան/ այսօր ավելի իրական է: Միաժամանակ նա նշել էր, որ «3+3+2» բանաձեւով /Հարավային Կովկասի պետություններ, Ռուսաստան, Թուրքիա, Իրան, ինչպես նաեւ Եվրամիություն եւ ԱՄՆ/ տարածաշրջանային անվտանգության եւ կայունության համակարգի ձեւավորման վերաբերյալ Հայաստանի առաջարկը մնում է օրակարգում: «Մեր առաջարկը տրամաբանական է, քանի որ մենք ելնում ենք այն բանից, որ Հարավային Կովկասում երկարատեւ կայունություն եւ անվտանգություն կարող է հաստատվել միայն բոլոր շահագրգիռ կողմերի առավելագույն ներգրավմամբ», – ասել էր Օսկանյանը: –0–