AM
3 Հոկտեմբեր 2011 - 13:12 AMT

Հայ ավետարանչական կենտրոնում կայանալու է լատինամերիկյան համերգ

Հոկտեմբերի 14-ին Հայ ավետարանչական կենտրոնի սրահում կայանալու է լատինամերիկյան երաժշտության համերգ, որը կկատարի Ֆաբիանո Բորժեսը՝ բրազիլական յոթ լարանի կիթառի վարպետ: Համերգը կազմակերպել է Հայաստանում Բրազիլիայի դեսպանատունը: PanARMENIAN.Net ի թղթակիցը փորձեց ճշտել, թե ինչով է պայմանավորված տեղի ընտրությունը, և Բրազիլիայի դեսպանությունից պատասխանեցին, որ տեղի ընտրությունը պայմանավորված է միայն դահլիճի հարմարավետությամբ:

Համերգի առաջին մասը նվիրված է արգենտինական և պերուական՝ (Chacarera, Marinera, Passacalle, և այլն), իսկ երկրորդը՝ բրազիլական (Choro, Samba, Bossa Nova, Baião, և այլն) երաժշտությանը: Հայաստանում առաջին անգամ կներկայացվեն բրազիլահայ կոմպոզիտոր Ռիկարդո Թակուչյանի ստեղծագործությունները:

Բորժեսը նաև հանդես կգա նոր երաժշտական խմբի՝ SambaJan-ի հետ, որը կներկայացվի հայ հանդիսատեսին համերգի շրջանակներում: Հայ և բրազիլացի երաժիշտները կկատարեն բրազիլական ավանդական երաժշտություն՝ Samba, Roda de Choro, և այլն, ինչպես նաև կփորձեն համատեղել հայկական և բրազիլական երաժշտության ռիթմերը: SambaJan խմբի կազմը հետևյալն է՝ Արմեն Աղաջյանյանը` դաշնամուր, Ֆլորիանո Ռեժիսը` հարվածային գործիքներ, Լուսինե Ազարյանը և Անուշ Բադալյանը` վոկալ: SambaJan-ի հյուրերն են՝ Պաբլո դո Կավակոն, cavaquinho և հարվածային գործիքներ նվագող, ինչպես նաև այլ բրազիլացի երաժիշտներ, որոնք անմոռանալի կդարձնեն համերգի երեկոն: