Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը երբեք չի հավատացել հայ ժողովրդի պոտենցիալին, և միշտ հույսը դրել է արտաքին ուժերի վրա: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Սարդարապատ» նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը: Նա, մասնավորապես, նշել է, որ Տեր-Պետրոսյանը չի հավատում, որ հայ ժողովուրդն ինքը կարող է առանց արտաքին աջակցության տապալել ներկա իշխանություններին:
Սեֆիլյանը նաև հաղորդել է, որ այսօր ընդդիմադիր երիտասարդության որոշ հատվածի հրավերով պատրաստվում է այցելել Ազատության հրապարակում անցկացվող շուրջօրյա հանրահավաքը: Սեֆիլյանի խոսքով, նա խոսելու է երիտասարդության հետ հայկական հեղափոխության յուրահատկության թեմայով, ինչպես նաև կոչ է անելու ընդդիմադիր երիտասարդությանն ավելի զգույշ լինել իշխանությունների վարած «կեղտոտ խաղում», որի կանոններն ընդունվել են ՀԱԿ ղեկավարության կողմից:
Սեպտեմբերի 30-ի երեկոյան հերթական արտոնված հանրահավաքում որոշվեց, որ ՀԱԿ-ը շուրջօրյա հանրահավաքներ է սկսում: Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ հանրահավաքներն ու նստացույցը կտևեն 7 օր, հետո նոր որոշում կկայացվի:






