Երևանի քաղաքի պատմության թանգարանի ցուցասրահում բացվել է գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին:
Ներկայացվել են 27 նոր աշխատանքներ` արցախյան պատերազմի և խաղաղության, Մեծ եղեռնի, ազգային արժեքների ու կրոնի թեմաներով: Հատկանշական է, որ արցախյան ազատամարտի առաջին օրերին Նիկոլ Աղաբաբյանը կտավին է հանձնել «Լույսի գույնը» ստեղծագործությունը, իսկ 1992-ին իր աշխատանքների ցուցահանդեսն է բացել նախ Շուշիում, ապա նաև Ստեփանակերտում:
«Անկախությունն ինձ համար ամեն ինչ է: Չեմ կարող ասել, որ վառ գույները խոսում են միայն իմ դրական հույզերի մասին: Կարծում եմ արվեստագետի հոգու խոհանոցը պետք չէ ամբողջությամբ բացել, այլ ներկայացնել այն, ինչը նկարիչը հասկանում է ապրումներից հետո : Շնորհակալ եմ քաղաքապետարանին և Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին` ցուցահանդեսին աջակցելու համար»,-նշել է գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը:
Ցուցահանդեսը գործելու է մինչև հոկտեմբերի 15-ը: Մուտքն ազատ է:






