AM
11 September 2000 - 14:30 AMT

ԱՄՆ-Ը ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ Է ՈՒՂՂԱՐԿՈՒՄ 70 ԱԿԱՆԱԶԵՐԾՈՂ ՄԱՍՆԱԳԵՏ

11.09.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Սեպտեմբերի 14-ին Վրաստան կժամանեն մոտ 70 ամերիկյան ականազերծող մասնագետներ: Այս մասին ասվում է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնական հաղորդագրության մեջ:
Ամերիկյան մասնագետները օգնություն կցուցաբերեն Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի սակրավորներին: Մասնագետների վերապատրաստումը կանցկացվի Թբիլիսիի մոտակայքում տեղակայված ռազմական բազայում եւ «կոչված է լինելու ստեղծել Հարավային Կովկասում խաղաղության եւ բարեկեցության իրական պայմաններ»,- նշվում է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ: Հարավային Կովկասի երեք պետություններին հատկացվող օգնության ողջ ծավալը կազմում է 1 միլիոն դոլար:
Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի` 2000 թ-ի հուլիսին ԱՄՆ կատարած այցի ընթացքում նրա ամերիկյան գործընկեր Ուիլյամ Քոենը հայտարերել էր, որ ԱՄՆ կաջակցի Հայաստանին` ղարաբաղյան պատերազմից հետո մնացած հակահետեւակային ականների ոչնչացման գործում:–0–