Որքան արագ վերսկսվեն Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները, այնքան լավ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է նա վերաբերվում այն փաստին, որ Ադրբեջանն օգտագործում է տարածաշրջանում իրագործվող ԵՄ էներգետիկ ծրագրերի ռեսուրները սպառազինվելու համար: Նրա խոսքով, անգործությունը հանգեցնում է պատերազմի: «Այսպիսով, միակ լուծումը կարող է լինել այն, որ հայերը և ադրբեջանցիները ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում վերսկսեն բանակցային գործընթացը»,- ասել է նա: Միաժամանակ նա հույս է հայտնել, որ ավելի լավ կլինի, եթե բանակցությունների վերսկսման մեկնակետ լինի խաղաղություն հաստատելու նպատակը: «Խաղաղության հաստատումն անհրաժեշտ է երկու երկրներին»,- ասել է նա:
Անդրադառնալով Հայաստանում էներգետիկ ծրագրեր իրականացնելու հնարավորությանը, Սարկոզին ասել է, որ այդ նպատակով ապագայում Հայաստան է ժամանելու ֆրանսիական առաքելությունը, որը պետք է պարզի, թե ինչպիսի հնարավորություններ կան միջուկային էներգիայի օգտագործման տեսանկյունից: Սարկոզիի խոսքով, Հայաստանը դրա կարիքն ունի:
Ելնելով դրանից` Ֆրանսիայի նախագահը մեծ նշանակություն է տվել Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակելուն և խաղաղություն հաստատելուն: Այդ առումով Սարկոզին կարևոր է համարում էներգետիկայի ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության շարունակությունը:






