«Հայաստանը հարգանքով և ըմբռնումով է մոտենում Եվրամիության երկրների ցանկությանը` ապահովելու էներգետիկ անվտանգություն և էներգակիրների աղբյուրների բազմազանություն: Բայց նաև ակնկալում ենք Եվրամիության երկրների ուշադիր վերաբերմունքը մեր երկրի անվտանգության, մեր տարածաշրջանի կայունության խնդիրներին »,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է նա վերաբերվում այն փաստին, որ Ադրբեջանն օգտագործում է տարածաշրջանում իրագործվող էներգետիկ ծրագրերը սպառազինվելու համար: «Բնականաբար, մենք բոլորս ցանկանում ենք, որպեսզի Եվրամիությունը իրականացնի ծրագրեր, քանի որ տարածարջանային համագործակցության բաղադրիչը կարող է կարևոր դեր խաղալ կայունության ապահովման հարցում»,- ասել է նա: Միաժամանակ Հայաստանի նախագահը նշել է, որ այդ ծրագրերը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրների հավասարաչափ զարգացումը, և «այդ ծրագրերը պետք է այնպես իրականացվեն, որպեսզի դրանց արդյունքները ծառայեն խաղաղության հաստատմանը, այլ ոչ պատերազմին»: «Այդ ծրագրերը պետք է այնպես իրականացվեն, որպեսզի չդառանան նոր պատերազմ սնուցող աղբյուրներ»,- ասել է Հայաստանի նախագահը:






