«Մանկական Եվրատեսիլ 2011» ի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը հանդիպել է մրցույթի վերջերս նշանակված ծրագրերի կոորդինատոր Սիթ Բեքերի հետ` քննարկելու իրենց կարծիքները կապված գալիք իրադարձության հետ, հայտնում է մրցույթի պաշտոնական կայքը: Բեքերի խոսքով աշխատանքներն ընթանում են նախատեսված պլանի համաձայն և կարծում է, որ բոլորը ականատեսն են լինելու հոյակապ շոուի: Խոսելով մրցույթը Հայաստանում հյուրընկալելուն, նա գտնում է, որ մասնակցությունը Մանկական Եվրատեսիլին հիանալի առիթ է տալիս ճանաչելու երկիրը:
Վերջում Բեքերը մաղթել է Հանրային Հեռուստատեսության անձնակազմին մեծ ուժ, էներգիա, և հանգիստ քուն: «Մանկական Եվրատեսիլ-2011»-ը կկայանա դեկտեմբերի 3-ին Երևանում, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Դեռ 2010 թ-ի վերջին Հայաստան էին ժամանել շվեդ փորձագետներ, ովքեր ուսումնասիրել են մարզահամերգային համալիրը և ընդհանուր պայմանները:
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլին» մասնակցում է 2007թ-ից: Առաջինը այդ մրցույթում Հայաստանը ներկայացրել է «Արևիկ» խումբը «Երազանք» երգով և գրավել 2-րդ տեղը, 2008 թ-ին Մոնիկա Մանուչարովան և գրավել է 8րդ տեղը իր «Իմ երգի հնչյունը» երգով: 2009 թվականին «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը ներկայացրեց Լուարա Հայրապետյանը «Բարսելոնա» երգով և գրավեց 2-րդ տեղը` այն կիսելով Ռուսաստանի ներկայացուցիչ Եկատերինա Ռյաբովայի հետ: 2010թ. նոյեմբերի 20-ին «Մանկական Եվրատեսիլ-2010» մրցույթին Հայաստանին հաղթանակ բերեց Վլադիմիր Արզումանյանը իր «Մամա» երգով:






