AM
10 Հոկտեմբեր 2011 - 07:25 AMT

Մարսելի Սահակ-Մեսրոպ երգչախումբը համերգ կտա Երևանում

Հոկտեմբերի 11-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը` ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, տեղի կունենա Մարսելի Սահակ-Մեսրոպ երգչախմբի համերգը` նվիրված ՀՀ անկախության 20-ամյակին, հայտնում է ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը:

Ողջույնի խոսքով ելույթ կունենա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

ՀՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ` Մարսելի Սբ Սահակ-Սբ. Մեսրոպ Սրբոց Թարգմանչաց եկեղեցու երգչախմբի հիմնադիր ղեկավար Խաչիկ Յիլմազյանը պարգևատրվել է ՀՀ նախագահի «Մովսես Խորենացի» մեդալով, որը հանդիսավոր պայմաններում վաստակաշատ խմբավարին կհանձնի ՀՀ սփյուռքի նախարարը:

Մարսելի Սբ Սահակ-Սբ. Մեսրոպ Սրբոց Թարգմանչաց եկեղեցու երգչախումբը մեծ ճանաչում ունի Ֆրանսիայում, Բուլղարիայում, Իսպանիայում, Բելգիայում, Նիդեռլանդներում, Շվեյցարիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Կանադայում: Հայապահպանության, ինչպես նաև Ֆրանսիայում հայ արվեստի և մշակույթի պահպանման և տարածման գործում ունեցած մեծ ներդրման համար Խաչիկ Յիլմազյանը Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին 2-րդի կողմից պարգևատրվել է «Սուրբ Սահակ-Մեսրոպ» շքանշանով: Հաշվի առնելով Խաչիկ Յիլմազյանի` Սփյուռքում կատարած հայրենանվեր գործունեությունը և հայ մշակույթի պահպանման և տարածման գործում ունեցած մեծ վաստակը` Խաչիկ Յիլմազյանը պարգևատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրով: