07.09.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Սփյուռքահայ գործարարները սառը ընդունելության են արժանացրել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին` հունիսին Վաշինգթոնում կայացած հանդիպման ժամանակ:
Այս մասին գրում է Մայքլ Դոբսը «The Washington Post»-ում սեպտեմբերի 6-ին տպագրված «Հայաստանն իր տնտեսության վերականգնումը կապում է խաղաղության հաստատման հետո» հոդվածում:
Վկայակոչելով հանդիպման մասնակիցներին, Դոբսը գրում է, որ սփյուռքահայ գործարարները արտահայտվել են այն ոգով, որ նախքան արտասահմանից ավելի մեծ ֆինանսավորում ակնկալելը, «Հայաստանը պետք է կարգավորի իր տնտեսական տունը»:
Սփյուռքի կողմից կենտրոնացված ֆինանսական օգնության բացակայունթյան դեպքում, Հայաստանի միակ հույսն է դառնում միջազգային աջակցությունը, որը սերտորեն կապված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ, գրում է «The Washington Post»-ը: Դոբսի խոսքերով, ԱՄՆ-ի վարչակազնը Հայաստանին եւ Ադրբեջանին օգնություն է խոստացել միջազգային ֆինանսական ինստիտուտների կողմից այն դեպքում, եթե կողմերը կգտնեն ղարաբաղյան հակամարտության լուծումը: –0–