AM
10 Հոկտեմբեր 2011 - 13:16 AMT

Անուշ Նիկողոսյանը և Կարինե Հովհաննիսյանը ելույթ ունեցան Լիբանանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ

Հոկտեմբերի 7-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի Ս. Ժոզեֆ եկեղեցում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լիբանանի ֆիլհարմոնիկ նվագախմբի տոնական համերգը` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Երեկոն բացել է Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը: Ողջունելով հյուրերին` նա բարձր է գնահատել երկու բարեկամ երկրների համագործակցությունը մշակույթի ոլորտում, հայտնել է ՀՀ կառավարության երախտագիտությունը Լիբանանի մշակույթի նախարարությանը և Բեյրութի կոնսերվատորիային աջակցության համար: Միջոցառմանը հնչեցին ՀՀ ազգային օպերայի և ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարած Լիբանանի ֆիլհարմոնիկ նվագախմբի բացառիկ կատարումները Հայաստանից ժամանած մենակատարների` միջազգային մրցույթների դափնեկիրներ Անուշ Նիկողոսյանի (ջութակ) և Կարինե Հովհաննիսյանի (քանոն) մասնակցությամբ:

Երեկոյի ընթացքում, որին ներկա էին Լիբանանի կառավարության պաշտոնյաներ, Լիբանանում հավատարմագրված դեսպաններ, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների, լիբանանահայ համայնքի ներկայացուցիչներ, հոգևոր հայրեր, հնչել են Արամ Խաչատրյանի, Խաչատուր Ավետիսյանի և Գրիգոր Յեղիազարյանի ստեղծագործությունները: