AM
11 Հոկտեմբեր 2011 - 08:10 AMT

ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը նախկինի պես չի մասնակցի ԼՂ գծով ենթակոմիտեի աշխատանքներին

Հայկական պատվիրակությունը նախկինի պես չի մասնակցի Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Լեռնային Ղարաբաղի գծով ենթակոմիտեի աշխատանքին: Այդ մասին լրագրողներին է հայտնել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նախագահ Դավիթ Հարությունյանը: «Մենք մորատորիում ենք հայտարարել և արդեն երկրորդ նստաշրջանն է, ինչ շարունակում ենք մեր գիծն առանց շեղումների»,-ասել է նա:

Հարությունյանը հայտնել է, որ հայկական պատվիրակությունը Բյուրոյի ու ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: «Մեր դիրքորոշումն այն է, որ այդ կոմիտեն չի կարող կատարել իր առաքելությունը: Իսկ նրա առաքելությունը երկու պատվիրակությունների միջև փոխադարձ վստահության ձևավորումն է, ինչպես նաև այդ վստահության տարածումը երկու երկրների հանրության շրջանում»,-ասել է նա:

Հարությունյանն ասել է նաև, որ ադրբեջանական պատվիրակությունը մասնակցել է ենթակոմիտեի աշխատանքին և փորձել է ներկայացնել հայկական կողմի որոշումը որպես անհարգալից վերաբերմունք ԵԽԽՎ որոշումների հանդեպ: Ըստ նրա, ադրբեջանցիները նաև փորձել են զուգահեռներ անցկացնել հայկական պատվիրակության այդ քայլի ու այն փաստի միջև, երբ Ադրբեջանը թույլ չտվեց ԵԽԽՎ ներկայացուցիչներին այցելել Ադրբեջան քաղբանտարկյալների վերաբերյալ զեկույց նախապատրաստելու համար:

ԵԽԽՎ Բյուրոյի նիստում հունվարի 28-ին իսպանացի պատգամավոր Խորդի Կսուկլա ի Կոստան ընտրվեց ԵԽԽՎ Ղարաբաղի գծով ենթակոմիտեի նոր նախագահ; Փաստորեն ենթակոմիտեն երկար դադարից հետո կրկին սկսեց գործել ԵԽԽՎ նախագահ, թուրք պատգամավոր Մևլութ Չավուշօղլուի նախաձեռնությամբ: