AM
11 Հոկտեմբեր 2011 - 12:09 AMT

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2011»-ին ելույթ է ունենալու 4-րդ համարի ներքո

«Մանկական Եվրատեսիլ 2011»-ին Հայաստանը ներկայացնող Դալիթան մրցույթում հանդես է գալու 4-րդ համարի տակ, այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց մրցույթի պատվիրակությունների այս տարվա ղեկավար Գոհար Գասպարյանը: Այսօր Հայաստանում կայացավ «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի պատվիրակությունների ղեկավարների առաջին ժողովը, որի ընթացքում տեղի է ունեցել վիճակահանությունը: Հայաստանը, որպես մրցույթն ընդունող երկիր, իրավունք ստացավ ընտրելու իր համարը: Մրցույթը բացելու է Ռուսաստանը, իսկ եզրափակելու է Բելգիան:

Համերգը բաղկացած է լինելու երկու մասից, առաջին մասում, դելտեմբերի 2-ին, լինելու են պարզապես մասնակիցների ելույթները, դեկտեմբերի 3-ին արդեն կլինի բուն մրցույթային համերգը: Գասպարյանի խոսքով դեկտեմբերի 2-ը կարծես գլխավոր փորձը կլինի մրցույթից առաջ: «Մանկական Եվրատեսիլի» ղեկավար Սիթսե Բակերը իր հերթին նշեց, որ մրցույթի մասնակիցները Հայաստան կժամանեն նոյեմբերի վերջին և մեկ շաբաթվա ընթացքում կանեն իրենց փորձերը, իսկ Հայաստանը հնարավորություն կստանա ավելի ճանաչված դառնալ աշխարհում: World Vision ընկերության ներկայացուցիչ Գրեհեմ Սթրոնգը իր հերթին նշեց, որ մրցույթը մանկական է և հնարավորություն է տալիս երեխաներին ինքնաարտահայտվելու:

Երեկ սկսվել են Դալիթայի տեսահոլովակի նկարահանումները, որին մասնակցել են հայաստանյան նախընտրական փուլի բոլոր 16 ներկայացուցիչները:

Այս տարի «Մանկական Եվրատեսիլ-2011»-ին մասնակցելու է 13 երկիր:

«Մանկական Եվրատեսիլ-2011»-ը կկայանա Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Դեռ 2010 թ-ի վերջին Հայաստան էին ժամանել շվեդ փորձագետներ, ովքեր ուսումնասիրել են մարզահամերգային համալիրը և ընդհանուր պայմանները: Հայաստանը «Մանկական Եվրատեսիլին» մասնակցում է 2007թ-ից: Առաջինը այդ մրցույթում Հայաստանը ներկայացրել է «Արևիկ» խումբը «Երազանք» երգով և գրավել 2-րդ տեղը, 2008 թ-ին Մոնիկա Մանուչարովան և գրավել է 8-րդ տեղը իր «Իմ երգի հնչյունը» երգով: 2009 թվականին «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը ներկայացրեց Լուարա Հայրապետյանը «Բարսելոնա» երգով և գրավեց 2-րդ տեղը` այն կիսելով Ռուսաստանի ներկայացուցիչ Եկատերինա Ռյաբովայի հետ: 2010թ. նոյեմբերի 20-ին «Մանկական Եվրատեսիլ-2010» մրցույթին Հայաստանին հաղթանակ բերեց Վլադիմիր Արզումանյանը իր «Մամա» երգով: Այս տարի Հայաստանը ներկայացնելու է Դալիթան իր Welcome to Armenia երգով: