AM
11 Հոկտեմբեր 2011 - 13:01 AMT

Դիրիժոր Քրիստոֆեր Ուորրեն-Գրինի ելույթով կավարտվի Երևանյան 5-րդ միջազգային երաժշտական փառատոնը

Ավարտվում է Երևանյան 5-րդ միջազգային երաժշտական փառատոնը: Եզրափակիչ համերգը կայանալու է հոկտեմբերի 12-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Ելույթ են ունենալու Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը և ճանաչված դաշնակահար Եվգենի Սուդբինը:

Փառատոնի եզրափակիչ համերգը ղեկավարելու է հրավիրված բրիտանացի աշխարհահռչակ դիրիժոր, Charlotte Symphony և London Chamber Orchestra նվագախմբերի գեղարվեստական ղեկավար Քրիստոֆեր Ուորրեն-Գրինը: Նա այս տարի ելույթ է ունեցել Անգլիայի արքայազն Ուիլիամի պսակադրության արարողությունը:

Ավելի քան մեկ ամիս առաջ մեկնարկած Երևանյան 5-րդ միջազգային երաժշտական փառատոնը ներկայացրեց շուրջ տասը սիմֆոնիկ և կամերային երաժշտության համերգներ: Փառատոնին մասնակցելու էին հրավիրված շուրջ տասնհինգ հռչակավոր երաժիշտներ աշխարհի ամենատարբեր երկրներից: Ծրագիրն ընդգրկեց համաշխարհային դասական երաժշտարվեստի մեծերի գլուխգործոցները:

Հիշեցնենք, որ Երևանյան միջազգային երաժշտական փառատոնն իրականացնում են ՀՀ Մշակույթի Նախարարությունը և Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը: Փառատոնի 5-րդ հոբելյանական մեկնարկը նվիրված է ՀՀ Անկախության 20–ամյակին և ՀՊՖՆ 85–ամյա հոբելյանին:

Փառատոնն անցկացվում է ՀՀ Առաջին Տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:

Պետ.Ֆիլհարմոնիկի ղեկավարությունը Փառատոնի կարևորագույն ձեռքբերումներից է համարում վարպետության դասերը, որ հայ երիտասարդ կատարողների հետ անցկացրին Փառատոնի հրավիրյալ մենակատարները: Մասնավորապես, Փառատոնի շրջանակներում անցկացվեց հինգ վարպետության դաս, որոնց մասնակցեցին ավելի քան տասնհինգ հայ ուսանողներ, որպես ունկնդիր ներկա եղան շուրջ քառասուն երիտասարդ երաժիշտներ: