AM
14 Հոկտեմբեր 2011 - 04:16 AMT

Դաշնակահար Հայկ Մելիքյանը ելույթ կունենա Շվեյցարիայում

Հոկտեմբերի 15-ին Ժնևում կայանալու է Հայկ Մելիքյանի ելույթը: Այն կազմակերպվել է «Ավետիս» հայ-շվեցարական մշակութային ասոցիացիայի և Շվեյցարիայում Հայաստանի դեսպանության կողմից: Այն լինելու է «Ավետիս»-ի հիմնադրման և դրա բացման պաշտոնական արարողության առիթով: Ծրագրի առաջին մասում ընդգրկված են լինելու Չայկովսկու, Պրոկոֆյեվի, Մոցարտի, իսկ երկրորդ մասում` Ռախմանինովի, Տերտերյանի, Կոմիտասի, Նարեկացու և Ստրավինսկու գործերը:

Համերգը կայանալու է «Palais de l'Athénée» համերգասրահում:

Հայկ Մելիքյանը Հայաստանի առաջատար դաշնակահարներից է: Ծնվել է Երևանում: Սկզբնական երաժշտական կրթությունը ստացել է Իրինա Գրիշինսկայայի մոտ, այնուհետև Երևանի պետական կոնսերվատորիայում` պրոֆ.Ալեքսանդր Գուրգենովի մոտ: Հ.Մելիքյանի միջազգային համերգային դեբյուտը կայացել է Հռոմում` “Concerto Di Concerti” 20-րդ դարի և ժամանակակից երաժշտության միջազգային փառատոնին: Հ.Մելիքյանը վարում է ակտիվ համերգային գործունեություն` ելույթ ունենալով ինչպես Հայաստանում,այնպես էլ նրա սահմաններից դուրս`Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում, Նիդեռլանդներում, Շվեյցարիայում, Կիպրոսում, Ճապոնիայում, Մեքսիկայում և այլուր: Նա բազմաթիվ տեղական և միջազգային մրցույթների հաղթող է: